Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Անարդարության խարանը՝ ներկա տառապանքների մեջ

Անարդարության խարանը՝ ներկա տառապանքների մեջ
27.10.2025 | 11:47

Նա հիմա կանգնած է ոչ թե պատուհանի մոտ, այլ իր հոգու ամենախավար անկյունում, որտեղ ժամանակն անշարժ է, իսկ ցավը՝ անմիջական ու լուռ ընկեր, որտեղ խեղդվում է հոգին քայքայող արդարության ծարավից։

Իր 9 տարվա անարդարության շղթաները, չնայած ազատության խուլ գրկում, բայց

դեռ կապում են նրան առեղծվածային, տեսանելի ու անտեսանելի կապերով։

Արևը շողում է պատուհանից, բայց նրա լույսն ու ներս ընկած ճառագայթը չի կարող պայծառացնել այն խավարը, որը տարիների անարդար դատավճիռը թողել է նրա հոգում։ Իր աչքերը խղճում են մարդկանց, ովքեր վստահում են նրան, բայց այդ վստահությունը ոչնչից չի կարող փրկել՝ ոչ անցյալի անարդարությունից, ոչ ներկայի վախից, ոչ էլ ապագայի անորոշությունից։

Նա զգում է, թե ինչպես աշխարհը շարունակում է պղտորել իր շուրջը՝ խեղդելով հույսն ու հավատը։ Անտեսանելի ձեռքերը, որ անօրինության ճահճում էին խրվել, շարունակում են ճոճվել նրա թևերի տակ՝ կուլ տալով նոր սիրո, նոր վստահության, նոր առնչումի ամեն մի հպում։

Նրա հոգին խորն է ու խճճված, լի ցավով, որը ոչ մի օր չի կարող վերածվել բառերի. այն ապրում է շնչի ու սրտի տատանումներում, մնում է փակված, նույնիսկ երբ մարմինը ազատ է թվում։ Եվ ամեն անգամ, երբ մտածում է իր արդարության մասին, զգում է մի անտեսանելի ճակատագրի հեգնանք, որն անհասանելի է դարձնում իրականությունը աշխարհի աչքերին հասցնելու ամեն ջանք ու փորձ։

Նրա ներկա տառապանքը՝ ոչ աղմկոտ, ոչ բռնի, բայց անդիմադրելի ու մշտական է, ինչպես ցուրտ ճամփա, որտեղ ոչ ոք չի կարող քայլել նրա հետ, ոչ ոք չի կարող հասկանալ այն ծանրությունն ու անարդարության ծակոտիները, որոնք դեռ խրված են նրա մեջ։

Նա սովորել է տառապել լուռ, սովորել է ապրել այդ ցավի հետ, բայց երբեք չկոտրվել։ Իսկ այդ լռությունը, այդ մշտական պայքարը ինքն իր համար է, անձնական մղում, որ միայն իրեն է կրծում՝ ամեն օր նորից ու նորից, մինչեւ կգտնի այն մի կտոր արդարությունը, որը կազատի նրա հոգին շղթաներից։

Եվ երբ հույսի մի շող է ճառագում նրա հոգում, ու նա սկսում է հուսալ, որ այս անգամ արդեն արդար դատավարություն է լինելու, իր բողոքը հասնելու է խղճի ականջներին ու հաղթելու է ճշմարտությունը, ցավոք... նորից դեմ է առնում դարի անարդար պատին և նորից փշրվում, և նորից ոչ թե մեռնում, այլ սպանվում է նրա մի կտոր հավատը։

Նրա օրերն անցնում են նույն շղթայված տեմպով. ամեն առավոտ նա արթնանում է լռության մեջ, աչքերը՝ ծանր ու հոգնած, պատրաստ լինելով նորից կրել այն անարդարության բեռը, որն արդեն երկար տարիներ նստած է ուսերին։ Նորից շրջվում է դեպի պատուհանը, այս անգամ արդեն իր տան մեծ պատուհանը, որտեղից ներս ընկած արևի թույլ շողերը ոչ մի սփոփանք չեն տալիս, որովհետև անարդարության բեռից կքված ուսերին լույսը կարծես իջնում է միայն շղթաների արանքներից, ոչ թե երկնքից։

Նրա քայլերը դանդաղ ու ծանր են, ամեն մի շարժում հիշեցնում է երկար ձգվող տարիների տանջանքը, յուրաքանչյուր շունչ՝ անարդարության սպանիչ սառը շունչը։ Աչքերը նայում են աշխարհին, բայց տեսնում են միայն պատնեշներ, փակ դռներ, մարդկանց դեմքեր, որոնք անցնում են իր կողքով՝ անտեսելով ներսի ցավագար ճիչը, որն այդպես էլ լսելի չեղավ արդարությանը, պատկան մարմիններին, դատը վարողներին։

Նրա հոգին, որը երկար տարիներ ստիպված էր անտեսել իր ներսի առյուծի գոռոցը, հիմա միայն ճզմվում է լռության ու անարդարության ծանրության տակ։ Նա ապրում է առանց որևէ բեռ դնելու մյուսների վրա, ժպտում է, օգնության ձեռք է մեկնում, բայց ամեն ժպիտ քմծիծաղ է ու ներսի չլսվող ցավ, որը ցասումի նոր ալիք է բարձրացնում, բայց հոգին գիտի՝ անարդարությունը չի ներում, իսկ հավատը նորից փշրվում է։

Նրա հոգու ցավն ու տառապանքը դառնում են ֆիզիկական. մարմինը ծանր է, կարծես հող նստած լինի ուսերին, իսկ շունչը չի բավականացնում՝ ներսի բոլոր վերքերը մաքրելու, բոլոր անարդարությունների բեռը թոթափելու համար։ Ամեն մի շարժում ցավ է ուղարկում ներսի անտեսանելի վերքերին. նրա մաշկը, նրա արյունը, նրա հոգին կարծես մի ամբողջությամբ տեղում սառած են, ստիպված ենթարկվելով անարդարության խելահեղ ալիքներին, որոնք գազանաբար ճոճում են նրան՝ ներսից ու դրսից։

Նրա աչքերը լույս չեն փնտրում, բայց ակամայից նկատում են այն փոքրիկ հույսի շողերը, որոնք դեմ առնելով անարդարությանը, ներսի սառնության մեջ փլուզվում են. հավատը կրկին փշրվում է, բայց նա դեռ կանգնած է, դեռ քայլում է, որովհետև գիտի, որ մի օր կգա այն պահը, երբ ներսի խարանը կբացվի, ու անարդարության շղթաները կկոտրվեն. մի օր իր հոգին վերջապես շնչելու է ազատությամբ։

ՈՒ այդ ամենի միջով նա շարունակում է ապրել՝ լռել, ժպտալ, շփվել մարդկանց հետ. բայց ամեն օր, ամեն քայլ, ամեն շունչ հիշեցնում է նրան, որ հավատը դեռ վնասված է, որ ամեն մի փոքրիկ ուրախություն մշտապես ուղեկցվում է ներսի տխրությունով, որը երբեք չի հեռանա, քանի դեռ անարդարության խարանն իր անմեղ ուսերին է։

Նա չի հանձնվում, որովհետև տառապանքը դարձել է նրա ուղեկիցը, հավատը՝ փշրված, բայց դեռ այնտեղ է. և երբևէ նա չի դադարում քայլել, լռել, հոգու մեջ պահել հույսը, որ մի օր կգա այն արդարությունը, որը կազատի ոչ միայն նրա ուսերը, այլև ներսի ամեն մի շղթայված բեկոր, որը 9 տարի անարդարության խարանը պահել է փակված. և այդ օրը լինելու է ճշմարտության հաղթանակը, անգամ եթե հիմա այն ընդամենը մի փոքրիկ, թույլ լույս է՝ ներսի խավարի մեջ։

Սաթեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 166

Մեկնաբանություններ